Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 2.2011

Աղիքների դիսբակտերիոզի (դիսբիոզ) բուժման նոր տարբերակ

Աղիքների դիսբակտերիոզի (դիսբիոզ) բուժման նոր տարբերակ

Մակրոօրգանիզմը` իր միկրոֆլորայի հետ միասին, ամբողջական էկոլոգիական համակարգ է, որը մշտապես գտնվում է հավասարակշռության վիճակում: Չնայած օրգանիզմի վրա արտաքին միջավայրի տարբեր գործոնների ազդեցությանը` միկրոֆլորայի կազմը հարաբերականորեն կայուն է մնում:

 

Նշենք, սակայն, որ օրգանիզմի կոմպենսատոր հնարավորություններն անսահմանափակ չեն: Խիստ անբարենպաստ պայմանների դեպքում նրանում տեղի է ունենում մակրոօրգանիզմի միկրոֆլորայի փոփոխություն, որը և դառնում է դիսբիոզի պատճառ: 

 

Աղիքային միկրոֆլորայի խախտումների վերացումը համարվում է գաստրոէնտերոլոգիայի կարևորագույն խնդիրներից մեկը: Այդ խանգարումները կարող են ընթանալ ինչպես մարսողական համակարգի, այնպես էլ այլ համակարգերի հիվանդության դեպքում և ուղեկցվել առանց ցավի ու այլ ախտանիշների: Հիվանդության հնարավոր անցումը դիսբիոզի պայմանավորված է մակրոօրգանիզմի վիճակով: 

 

Դիսբիոզի պատճառ կարող են դառնալ տարբեր գործոններ` հակաբիոտիկների, հորմոնային և ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների, անտացիդների, իմունոդեպրեսանտների ոչ ճիշտ օգտագործումը, ինչպես նաև վարակիչ հիվանդությունները, սթրեսը, տարիքը, և այլ ազդակներ:

 

Հաշվի առնելով դիսբիոզի զարգացման պատճառների բազմազանությունը, ինչպես նաև աղիքային միկրոֆլորայի փոփոխությունների առաջացման առանձնահատկությունները, բուժում նշանակելիս անհրաժեշտ է ցուցաբերել հիմնավորված մոտեցում:

 

Ամբողջ աշխարհում ստամոքսաաղիքային հիվանդությունների կանխարգելման և բուժման համար լայնորեն օգտագործվում են պրոբիոտիկներ, որոնց շնորհիվ աղիքային միկրոֆլորան վերականգնվում է: Պրոբիոտիկները նպաստում են նյութափոխանակության լավացմանը: Լաբորատոր և կլինիկական հետազոտությունները փաստում են, որ կաթնաթթվային բակտերիաներով ստամոքսաաղիքային համակարգի գաղութացման շնորհիվ օրգանիզմի իմունային պատասխանն ուժեղանում է: Ելնելով փաստացի տվյալներից, գտնում ենք, որ պրոբիոտիկներով իմունախթանման եղանակը կարող է լայն կիրառություն ստանալ: Բացի այդ, լորձաթաղանթի ամբողջականության պահպանման և դրա թափանցելիության նորմալացման համար կարևորագույն դեր ունի նաև աղիքների հարստացումը կաթնաթթվային բակտերիաներով: Աղիքային դիսբիոզի ժամանակ օգտագործվում են կաթնաթթվային բակտերային տարբեր նյութեր, որոնք հիմնական բուժական գործոններն են: Պրոբիոտիկներից բացի, արդյունավետ են սննդամթերքը, լակտո- և բիֆիդում բակտերիաների մեծ պարունակությամբ հավելումները, հատկապես դրանց համակցված կիրառումը: 

 

Ներկայումս օգտագործվում են մեծ թվով պրոբիոտիկներ (ացիդոլին, բիֆիֆորմ, ացիպոլ, ացիդոլակտ, էուֆլորիններ, նորմոֆլորին, բիոն-3 և այլն): Բուժման արդյունքը պայմանավորված է հիվանդության ընթացքով և դիսբիոզի աստիճանով: Հայտնի է, որ առավել ծանր է համարվում III աստիճանը: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում բժիշկը պետք է որոշում կայացնի պրոբիոտիկի նշանակման նպատակահարմարության մասին: 

 

Հայաստանում աղիքների դիսբիոզի և բորբոքային, ֆունկցիոնալ հիվանդությունների բուժման ու կանխարգելման նպատակով ճառագայթային բժշկության, ուռուցքաբանության ոլորտում, ինչպես նաև մանկական պրակտիկայում, լայնորեն օգտագործվում է ՙՆարինե՚ կաթնաթթվային մթերքը: Հետագայում այդ հիմքի վրա մշակվել և առաջարկվել է նոր խտանյութի ստացման եղանակը: Այն պատրաստվում է կովի կաթից, կուլտիվացնելով Lactobacillus acidofilus Ep-2, շտամ-317/402 մաքուր կուլտուրայի վրա: Դրա ֆիզիկաքիմիական հիմնական հատկությունն այն է, որ չոր նյութերի կշռային մասը կազմում է 13-14%: Հնարավոր եղավ մեծացնել կաթնաթթվային բակտերիաների կենդանի բջիջների խտությունը` 1մլ-ում 5մլրդ-ից հասցնելով 20մլրդ-ի, առանց խտանյութի թթվայնության փոփոխության: Պարզվել, որ տարբեր բնույթի պայմանական-ախտածին միկրոօրգանիզմների նկատմամբ խտանյութն օժտված է մանրէասպան մեծ ակտիվությամբ: 

 

Հետազոտությունների առաջին փուլում ՀՀ առողջապահության նախարարության կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ-ում ուսումնասիրել ենք մարսողական համակարգի տարբեր հիվանդություններով պայմանավորված` կլինիկորեն արտահայտված աղիքային դիսբիոզով 120 հիվանդի: Խտանյութով կուրսային բուժման ժամանակ (20-22 օր) արձանագրվել է բարձր արդյունք: Նկատվել է նաև դրական տեղաշարժ առաջին մեկ շաբաթ ընդունելուց հետո: Բուժման վերջում որովայնի շրջանի ցավերը վերացել են, նկատելիորեն նվազել վքնածության զգացումը, որովայնի գրգռվածությունը: Որովայնի խորը շոշափման ժամանակ հիվանդների 80-85%-ի ցավերը պակասել են: Բուժման ընթացքում 2-3%-ի մոտ հայտնաբերվել են ալերգիկ թույլ երևույթներ, ավելի հաճախ` ցանի տեսքով: Խտանյութի ընդունման չափաքանակը փոքրացնելուց կամ այն մի քանի օր չընդունելուց հետո ցանը գրեթե անհետացել է: Հազվադեպ նկատվել է թթվայնության կարճատև զգացում, որը չի անհանգստացրել հիվանդին, եթե խտանյութն օգտագործվել է ուտելուց հետո կամ գազազրկված հանքային տաք ջրով: Հիվանդների մեծ մասի կղանքի մակրո- և միկրոպատկերը կարգավորվել է, անհետացել են լորձը և տհաճ հոտը: Քրոնիկական գաստրիտով և խոլեցիստիտով հիվանդների 27%-ի մոտ II աստիճանի դիսբիոզը դարձել է I աստճանի: Պայմանական-ախտածին միկրոֆլորայի քանակը նվազել է, իսկ բիֆիդում- և լակտոբակտերիաներինը` վերականգնվել: Աղիքների բորբոքման ժամանակ հիվանդների 21%-ի մոտ դիսբիոզը II աստիճանից դարձել է I աստճանի: Հետևաբար խտանյութի կուրսային ընդունման ժամանակ դիսբիոզը զգալիորեն պակասում է, որը նպաստում է կղանքի մեջ բիֆիդումի, լակտոբակտերիաների, ինչպես նաև աղիքային լակտոզոպոզիտիվ ցուպիկների քանակի ավելացմանը:

 

Կոլոնոսկոպիայի տվյալների համաձայն, խտանյութի կուրսային ընդունումից հետո հիվանդների 80%-ի հաստ աղիքի լորձաթաղանթի բորբոքային երևույթները նկատելիորեն նվազել են, իսկ 85%-ի էրոզիան` վերացել: Դրական դինամիկա է նկատվել նաև էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիայով, սոնոգրաֆիայով: Նվազել են ստամոքսի և 12-մատնյա աղիքի բորբոքային երևույթները (65-70%), վերացել մանր էրոզիան (75%), լավացել է 70%-ի լեղապարկի կրճատման ֆունկցիան, փոքրացել պատի հաստությունը:

 

Ստացված տվյալները հաստատում են, որ խտանյութը լավացնում է ոչ միայն աղիքների վիճակը, այլև դրականորեն է ազդում ստամոքսաաղիքային ամբողջ համակարգի վրա: Աղիքների արտահայտված դիսբիոզի դեպքում նորմալացումը հաստատված է 80, իսկ ավելի թույլ դրական տեղաշարժ` 14%-ի մոտ: 

 

Անհրաժեշտ է նշել, որ խտանյութի ազդեցությամբ ճնշվում է Helicobacter pylori-ի ակտիվությունը: Հիմնվելով վերը նշված տվյալների վրա, մենք օգտագործում ենք խտանյութը խոցային հիվանդության և էրոզիվ գաստրոդուոդենիտի բուժման նպատակով: Նկատվել են էրոզիայի անհետացում և խոցի չափսերի փոքրացում ու սպիացում: Բացահայտվել է նաև կաթնաթթվային բակտերիաներով հարստացված հանքային ջրի դրական ազդեցությունը ստամոքսաաղիքային համակարգի մի շարք հիվանդություններից առաջացած դիսբիոզի ժամանակ: Կլինիկական հետազոտությունները ցույց տվեցին, որ համակցման շնորհիվ դրական տեղաշարժերն ավելի արտահայտված են, քան միայն խտանյութի ընդունման ժամանակ: 

 

Բիոակտիվ բուժիչ ըմպելիքն ընդունելուց հետո, կղանքի բակտերիոլոգիական հետազոտությունների համաձայն, աղիքային բիոցենոզը նորմալացել է կամ լավացել: Լավացել է նաև աղիքների վիճակը: Զգալիորեն լավացել է ստամոքսի, 12-մատնյա աղիքի (85%), լյարդի, լեղապարկի աշխատանքը: Հանքային ջրով հարստացված խտանյութի օգտագործման ժամանակ հիվանդների կողմից գանգատներ չեն արձանագրվել, ուստի այդ մեթոդը մեծ հաջողությամբ կիրառվում է էրոզիվ գաստրոդուոդենիտի և խոցային հիվանդության բուժման նպատակով: 

 

Աղիքների արտահայտված դիսբիոզի դեպքում, հատկապես բիֆիդում և լակտոբակտերիաների քանակի կտրուկ նվազման ժամանակ, անհրաժեշտ է երկարացնել խտանյութի ընդունման ժամկետը մինչև 1-1,5 ամիս` բուժման կուրսը կրկնելով 3-4 ամիս հետո: 

 

Այսպիսով, կաթնաթթվային խտանյութն ինչպես առանձին, այնպես էլ հանքային ջրի հետ, անհրաժեշտ է օգտագործել մարսողական համակարգի հիվանդություններից առաջացած աղիքային տարբեր աստիճանի դիսբիոզի բուժման, ինչպես նաև կանխարգելման նպատակով:

Հեղինակ. Է.Հ. Գրիգորյան ՀՀ ԱՆ կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 2.2011 (291)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

01.03.2015

Հարգելի Լուսինե, ներկայացված հոդվածում խոսքը "Նարինե"-ի խտանյութի մասին է, որը կարող եք ձեռք բերել բոլոր դեղատներից:

Լուսինե

13.02.2015

ես չհասկացա ինչ դեղամիջոց է ես կարող եմ գնել դեղատնից եթե այո խնդռւմ եմ ասել անունը ինձ խիստ անհրաժեշտ է

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ